17-ամյա ամերիկացի Շոն Թայսոնը Մեծ Բրիտանիայի երկու զբոսաշրջիկներին սպանեու համար դատապարտվել է երկու ցմահ բանտարկության` առանց վաղաժամկետ ազատման իրավունքի:

Ըստ հետաքննության տվյալների` 24-ամյա Ջեյմս Քուզարիսը եւ 25-ամյա Ջեյմս Քուփերը, ավարտելով ուսումը Մեծ Բրիտանիայի համալսարանում, 2011 թվականի ապրիլին ժամանել են Սարասոտա հանգստի քաղաք, որպեսզի տոնեն այդ իրադարձությունը:

Շոն Թայսոնը, փողոցում նկատելով հարբած զբոսաշրջիկներին, որոշել է նրանց թալանել` վախեցնելով ատրճանակով: Հաջորդ առավոտյան ոստիկանությունը հայտնաբերել է բրիտանացիների մարմիններն առանց վերնահագուստի եւ բազմաթիվ հրազենային  վնասվածքներով: Բոլոր արժեքավոր իրերը, այդ թվում կանխիկ գումարը, մնացել են տեղում` անփոփոխ, հաղորդում է vesti.ru-ն: 

Դատավարության ընթացքում չի հաջողվել  պարզել պատճառները, ըստ որոնց թալանը վերաճել է մարդկանց նկատմամբ հաշվեհարդարի, քանի որ Թայսոնը հրաժարվել է որեւէ ցուցմունք տալուց: Նա հանգիստ լսել է վճիռը` չարտահայտելով որեւէ զգացմունք: Քանի որ հանցագործության կատարման պահին Թայսոնն անչափահաս է եղել, նա չէր կարող մահապատժի ենթարկվել: