Թերթը գրում է, որ ՀՀ կառավարությունը որոշել է պետական մարմիններում ներդնել «լորիսների» ինստիտուտը: «Վերջերս որոշում է ընդունել, որով սահմանել է հանրային ծառայողի կողմից այլ ծառայողի «անօրինական, կոռուպցիոն բնույթի գործողությունների մասին համապատասխան պաշտոնատար անձանց, պետական մարմիններին տեղեկացնելու կարգը»: Ըստ այդմ, պետական ծառայողները` կառավարության, նախարարությունների եւ այլ գերատեսչությունների աշխատակիցները, պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի հանդեպ ու գործընկերոջ կասկածելի վարքի մասին գրավոր տեղեկացնեն վերադասին, էթիկայի հանձնաժողովին կամ պատկան մարմիններին: Թե ինչ պատիժ է նախատեսվում գործընկերոջ կամ վերադասի մասին չհայտնած ծառայողներին, հայտնի չէ:

Ի դեպ, սա իշխանության համար առավել նպաստավոր կարող է լինել նախընտրական շրջանում. հայտնի է, որ հանրային ծառայողներին արգելված է այս կամ այն կուսակցության օգտին աշխատել: Այդպիսով իշխանությունը կիմանա, թե պետական ծառայողներից ով ում օգտին է աշխատում:

Կարգը քննարկման առարկա է դարձել որոշ քաղծառայողների մոտ եւ բացասական վերաբերմունքի արժանացել»,- գրում է «Հրապարակ»-ը»