Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011թ. գործունեության վերաբերյալ:

Օմբուդսմենի գնահատականում նշվում է.

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

• Թեպետ Հանձնաժողովի կողմից սահմանվել են 2011թ. ընթացքում մատուցվող ծառայությունների նոր սակագներ, այնուամենայնիվ, Հանձնաժողովի 2007թ. օգոստոսի 24-ի թիվ 340 Ն եւ 2007թ. նոյեմբերի 16-ի թիվ 530Ն որոշումներով հաստատված սակագների ցանկը չի համապատասխանեցվել 2008թ. մայիսի 20-ի թիվ 273Ա որոշմամբ հաստատված սակագնային կարգավորման ենթակա ծառայությունների ցանկին:

• Լարային հեռախոսակապի ոլորտում, որոշ դեպքերում, բնակչության համար հավասար պայմաններ չեն ապահովվել ծառայություն մատուցող ընկերության կողմից:

• Հասարակությունը բավարար չափով իրազեկված չի եղել էլեկտրաէներգիայի տատանումների կամ խափանման հետեւանքով առաջացած վեճերի քննության եւ լուծման վերաբերյալ Հանձնաժողովի իրավասությունների մասին:

• Այլընտրանքային լաբորատորիաների բացակայությունը (հիմնականում գազի եւ էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգման) բնակչության մոտ առաջացրել է հաշվառքի սարքերի ստուգաչափման արդյունքների արժանահավատության նկատմամբ անվստահություն: Հանձնաժողովը նշված խնդրի վերաբերյալ չի բարձրաձայնել:

• Շարունակել է արդիական մնալ  քաղաքացիների շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը:

Արձանագրված դրական զարգացումները

• Հանձնաժողովը անվճար «կարճ» հեռախոսահամարներ է տրամադրել թվով 19 պետական մարմինների եւ կազմակերպությունների (ԱԻՆ, ՄԻՊ եւ այլն)

• 2011 թվականին Հանձնաժողովի կողմից վերանայվել է խմելու ջրի սակագները, եւ որոշում է կայացվել նվազեցնել սակագինը շուրջ 8 դրամով:

• ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 7-ի նիստում ընդունված որոշումներով փոփոխություններ են կատարվել էլեկտրական էներգիայի մատակարարման եւ օգտագործման կանոններում, ինչպես նաեւ նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարներում:  Հանձնաժողովի ընդունած որոշումներով նվազեցվել են միաֆազ եւ եռաֆազ էլեկտրոնային բազմասակագնային հաշվիչների տեղադրման կանխավճարի չափերը:

• Հայաստանի Հանրապետությունն աշխարհում հինգերորդն է, որը ներդրել է 4G ինտերնետ անլար ցանցը (LTE):