Հայաստանի դեղատներում հայտնաբերվել են ադրբեջաներեն ներդիրով դեղեր: Այդ մասին այսօր` մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ դեղարտադրողների ու ներմուծողների (ԴԱՆ) միության տնօրեն Սամվել Զաքարյանը: Խոսքը «Ստեկլովիդնոյե տելո» դեղի մասին է, որն արտադրվում է Բելառուսում` հատուկ Ադրբեջանի համար: Ս. Զաքարյանը չբացառեց, որ դեղը ներմուծվում է անմիջապես Ադրբեջանից: «Այստեղ նաեւ բիոտեռորիզմի հարց կա,  անթույլատրելի է, որ այդքան հեշտացվել է դեղերի ներկրումը»,- ասաց Ս. Զաքարյանը: 

Նա հիշեցրեց, որ 2011 թ. մայիսին կառավարությունը փոխեց դեղերի ներմուծման եւ արտահանման կարգը, որն էլ նպաստում է կեղծ դեղերի շրջանառության աճին: Խնդիրն այն է, որ հնարավոր է դարձել ներմուծել դեղեր, որոնց փաթեթավորումը, գույնը կամ տառատեսակները Հայաստանում հաստատված չեն: Դրա հետեւանքով` դեղ արտադրող ընկերությունը պատասխանատվություն չի ստանձնում այն դեղերի համար, որ հատուկ արտադրել է այլ տարածաշրջանների համար: Օրինակ` օրերս «Նիկոմեդ» ընկերությունը ահազանգել է, որ շուկայում վաճառվում են իրենց ընկերության «Ակտովեգին» ու «Կոնկոր» (վերջինս նշանակվում է հիպերտոնիկներին ու սրտային հիվանդներին) դեղեր, որոնց համար պատասխանատվություն չեն կրում: Ըստ Ս. Զաքարյանի` այդ մասին ահազանգվել է համապատասխան մարմիններին, սակայն մինչ այսօր այդ դեղերը շրջանառությունից չեն հանվել:

Վերահսկելիության թուլացման հետեւանքով, ըստ Ս. Զաքարյանի, ակտիվացել են նաեւ տեղական քրեական տարրերը, որոնք փորձում են կեղծ դեղերի տեղական արտադրություն սկսել: