Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսդե Կիրչների հրամանագրով Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը պարգեւատրվել է Ազատարար Աան Մարտինի Մեծ Խաչ շքանշանով: Այդ շքանշանն օտարերկրյա դիվանագետներին շնորհվող ամենաբարձր պետական պարգեւն է:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արգենտինայի Արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարարության Սան Մարտին պալատում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում Արգենտինայի կառավարության պարգեւը Հայաստանի դեսպանին է հանձնել ԱՀ արտաքին գերատեսչության փոխնախարար Էդուարդո Անտոնիո Զուայինը:

Իր ելույթում նա բարձր է գնահատել դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ավանդն Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ փոխշահավետ հարաբերությունների զարգացման ու խորացման գործում, մասնավորապես կարեւորեց վերջին տարիների ընթացքում մի շարք բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը եւ կարեւոր նշանակություն ունեցող միջպետական պայմանագրերի ստորագրումը:

Իր շնորհակալական խոսքում դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը նշել է, որ արգենտինական բարձր պարգեւն ընդունում է որպես Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ գերազանց հարաբերությունների եւ մեր ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության գնահատական:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Արգենտինայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Բուենոս Այրեսում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, արգենտինահայ համայնքային կառույցների ղեկավարներ:

Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը շուտով կավարտի իր դիվանագիտական առաքելությունը Բուենոս Այրեսում եւ կվերադառնա Երեւան: