Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում չկա մարդ, որը բիզնես է ղեկավարում: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն՝ անդրադառնալով մեկնաբանություններին, որ ՀՀԿ համամասնական ցուցակում գործարարներ են ընդգրկված: Նրա խոսքով՝ գործարարները բոլոր իրավական նորմերով ապացուցում են, որ իրենք գործարար չեն: Որպես օրինակ Հարությունյանը հիշեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, նշելով, թե նա գործազուրկ է:

«Պիտի էս երկրում մարդիկ սոված ման գան, որ դեպուտատության թեկնածու լինեն: Մարդիկ ենթարկվել են օրենքին, իրենց բիզնեսը տվել են կառավարման»,- նշեց նա:

Անդրադառնալով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի` ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելուն, Համլետ Հարությունյանը նշեց, որ միմիայն կարող է ողջունել այդ հանգամանքը, քանի որ Մանվել Գրիգորյանը ազգային հերոս է եւ մեծ ներդրում ունի Հայաստանում: Իսկ երբ լրագրողները նշեցին, որ այդ ամենը լավ է, բայց ինչ պետք է անի ԵԿՄ նախագահն Աժ-ում, օրենսդիր գործունեությամբ ինչպես պետք է զբաղվի, Համլետ Հարությունյանը վրդովված արձագանքեց. «Մենք ձեզ չպետք է հարցնենք՝ Մանվել Գրիգորյանին ներառել կուսակցության ցուցակում, թե` ոչ»: Նա կոչ արեց լրագրողներին իմաստալից հարցեր տալ, ոչ թե «մուտիլովկաներ» անել, ինչպես նաեւ ազգային հերոսների նկատմամբ հանդուրժող լինել:

Նշենք, որ ՀՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով առաջադրել է բազմաթիվ գործարարների: