Երեկ` մարտի 28-ին Հայաստանի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների մի մասը նիստեր է գումարել եւ գրանցել պատգամավորության հայտ ներկայացրած թեկնածուներին:

Ամենայն հավանականությամբ, մյուս հանձնաժողովները գրանցման նիստեր կանեն այսօր եւ վաղը, որից հետո պարզ կլինի, թե ովքեր են շարունակելու ընտրապայքարը:

Այսօրվա դրությամբ, 17 թեկնածուներ, այս կամ այն պատճառով, (ինքնաբացարկ, գրանցման մերժում) դուրս են մնացել պայքարից:

Թիվ 2 ընտրատարածքում պայքարը շարունակելու են ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն ու ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը, իսկ Հայկ Հայրապետյանն ու Ալբերտ Սարգսյանը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել:

Թիվ 7-ում պայքարից հրաժարվել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, թիվ 10-ում հանձնաժողովը չի գրանցել Խաչատուր Սուքիասյանին, իսկ 11-ում` ՕԵԿ-ական Էդուարդ Մադաթյանին: Թիվ 17-ում ընտրապայքարից հրաժարվել է Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, 18-ում` Հենզել Առաքելյանը, 21-ում` Գագիկ Մարգարյանը, 22-ում Վահագն Հակոբյանը, 24` Մասիս Մելքոնյանը, 26` Հակոբ Հակոբյանը, 27` Մանուկ Հակոբյանը, 29` Գրիգոր Դանիելյանը, 30` Սենիկ Էլվինյանը, 31` Սամվել Սամվելյանը, 40` Երվանդ Չիլինգարյանը, 36` Սուրիկ Գրիգորյանը: