Վանաձոր քաղաքի մի շարք փողոցներ այսօր գտնվում են քարուքանդ վիճակում. դրան նպաստել է նաեւ ձմռանը ճանապարհներին աղ ցանելը, որը քայքայել է ճանապարհները: Վանաձորցիների խոսքով, պատճառներից մեկն էլ նախկինում կատարված անորակ ասֆալտապատումն է:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը նշեց, որ արդեն կայացել է աֆալտապատման աշխատանքների համար հայտարարված մրցույթը, եւ առաջիկա 10 օրվա ընթացքում պարզ կլինի նաեւ շահող կազմակերպության անունը:

Փոսային նորոգման աշխատանքներ կիրականացվեն քաղաքի շուրջ 40 փողոցներում, հատկացվել է 130 մլն դրամ գումար: Լյովա Մելիքյանի փոխանցմամբ, աշխատանքներն սկսվելու են հիմնականում կենտրոնական հատվածներից, որտեղ երթեւեկությունը շատ է:

Հիմնովին ասֆալտապատում այս տարի եւս ոչ մի փողոցում չի արվի, վանաձորցիները պետք է բավարարվեն միայն փոսային նորոգմամբ, կամ ինչպես իրենք են ասում, «կարկատան արած ճանապարհներով»:

NEWS.am-ի թղթակցի այն դիտարկմանը, որ վանաձորցիները բողոքում են անորակ ասֆալտից, Մելիքյանը հակադարձեց, ասելով, որ այս տարիներին արված ասֆալտը երբեք չի քանդվում: «Մեր բոլոր ճանապարհները շուրջ 30 տարվա ասֆալտապատված են, դա է քանդվում», - ասաց նա, հավելելով, որ ընդհանուր հիմնանորոգման համար պահանջվող գումարները շատ են, որն այսօր համայնքի բյուջեում չկա, դրա համար էլ փոսային նորոգում են իրականացնում: Իսկ այն փողոցները, որտեղ փոսային նորոգումներ չեն արվելու, պետք է խճապատվեն, վստահեցրեց բաժնի պետը:

Անդրադառնալով Վանաձորի ծայրամասում գտնվող թիվ 3-դ պոլիկլինիկայի եւ ինֆեկցիոն հիվանդանոց բարձրացող ճանապարհներին, որոնցով երթեւեկելը դարձել է անհնար, բաժնի պետն ասաց. «Որքանով հիշում եմ, մոտ 2-3 տարի առաջ հիմնովին նորոգվել է», նաեւ հավելեց, որ եթե անանցանելի է, ուրեմն կբարեկարգվի:

Նկատենք սակայն, որ մեր նշած հիվանդանոցներ բարձրացող ճանապարհների անմխիթար վիճակը լուրջ խոչընդոտներ է ստեղծում ինչպես վարորդների, այնպես էլ հիվանդների համար, որոնց հիվանդանոց հասցնելը դժվարացել է:

Էդվարդ Արզումանյան

Լուսանկարները` հեղինակի