Իսրայելը իրավունք է ստացել օգտվել Ադրբեջանի ավիաբազաներից, որտեղ կարող են վայրէջք կատարել իսրայելական օդանավեր` Իրանին հարվածելուց հետո: Այս մասին նշվում է Foreign Policy ամսագրում, հաղորդում է Eurasianet.org-ը:

«Չորս բարձրաստիճան պաշտոնյաների եւ հատուկ ծառայությունների դիվանագետների խոսքով, ԱՄՆ-ը եկել է եզրակացության, որ Իսրայելը վերջերս իրավունք է ստացել օգտվել Իրանի հյուսիսային սահմանների մոտ գտնվող ավիաբազաներից: Նման քայլի կոնկրետ նպատակը դեռ պարզ չէ: «Իսրայելցիները գնել են ավիաբազան եւ այդ ավիաբազան կոչվում է Ադրբեջան»,- փետրվարի սկզբին ինձ հայտնել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Դա գնալով էլ ավելի է մտահոգում հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներին, քանի որ Իսրայելի ռազմական էքսպանսիան Ադրբեջանում բարդացնում է ԱՄՆ-ի ջանքերը` Իրանի եւ Իսրայելի հարաբերություններում լարվածությունը թուլացնելու գործում: Ինձ ասել են, որ զինվորական ռազմավարություն մշակողները պետք է հիմա քննարկեն ռազմական գործողությունների հնարավոր սցենարները ոչ միայն Պարսից ծոցում, այլեւ, հնարավոր է, Կովկասում»,-նշվում է հոդվածում:

Մի քանի շաբաթ առաջ, երբ հայտարարվեց Ադրբեջանի կողմից Իսրայելից 1,6 մլրդ դոլարի զենք գնելու մասին, ես տվյալ բլոգում կասկած հայտնեցի, որ Ադրբեջանը ցանկանում է ներգրավվել Իրան-Իսրայել հնարավոր հակամարտության մեջ, քանի որ ռիսկը Բաքվի համար չափից դուրս մեծ կլիներ, իսկ հնարավոր օգուտը` անորոշ: Բացառություն կարող էր լինել միայն այն դեպքը, եթե Ադրբեջանին հաջողվեր ամեն բան այնքան գաղտնի պահել, որ Իրանը պատճառ չունենան Ադրբեջանի վրա հարձակվելու համար:

Foreign Policy-ի հոդվածի համաձայն, Իսրայելի կողմից Ադրբեջանի ավիաբազաների օգտագործման ամենահավանական տարբերակն այն է, որ այնտեղ վայէջք կատարեն իսրայելական օդանավերը` Իրանին հարվածելուց հետո:
Նմանատիպ ավիաբազաներ մուտք գործելը շատ կարեւոր է Իսրայելի համար, քանի որ դա իսրայելական կործանիչ-ռմբակոծիչներ F-15I-ին եւ F-16I -ին թույլ կտա իրանական միջուկային օբյեկտների վրա գրոհելիս կես ճանապարհին չվերալիցքավորվել, այլ պարզապես եւս մի փոքր հյուսիս թռչել եւ վայրէջք կատարել Ադրբեջանում:

ԱՄՆ բանակի Կենտրոնական հրմանատարության նախկին ղեկավար Ջո Հոարը Իսրայելի հաշվարկները հստակ ներկայացրել  է:

«Նրանք  800 մղոնի վառելիք կխնայեն, - ասել է նա ինձ վերջերս  հեռախոսային հարցազրույցում: - Դա չի երաշխավորում, որ Իսրայելը կհարվածի Իրանին, բայց դա նման հարվածն ավելի իրագործելի է դարձնում»:

Ես վստահ չեմ, որ Ադրբեջանին կհաջողվի նման բանը գաղտնի պահել, որպեսզի կարողանա խուսափել Իրանի կողմից պատասխան հարվածից: Իրանն, իհարկե, կտեսնի, թե ուր կթռչեն իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածելուց հետո:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այս ամսվա սկզբում  Թեհրան է այցելել եւ վստահեցրել, որ Ադրբեջանը որպես  Իրանի դեմ հարձակումների հրապարակ չի օգտագործվի: