Հաջորդ ամիս Հարավային Կովկաս կայցելի պաշտոնական Երուսաղեմի առաջին դեմքերից մեկը, ինչը տվյալ տարածաշրջանում Իսրայելի  ակտիվացման եւս մեկ ապացույց կդառնա` հարուցելով Թուրքիայի եւ Իրանի հատուկ դժգոհությունը:

Ապրիլի 20-ին նախատեսված է Իսրայելի գերագույն ղեկավարության անդամներից մեկի այցը Հարավային Կովկաս:

Այս մասին IzRus պորտալին հաղորդել են Երուսաղեմի դիվանագիտական բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանց խոսքով` ընդունող կողմը խնդրել է նախապես չհրապարակել մանրամասն տեղեկատվություն:  Այդ իսկ պատճառով IzRus-ն առայժմ զերծ է մնում հարավկովկասյան տարածաշրջան այցի նպատակները հստակեցնելուց:

Նեթանյահուի պաշտոնավարման  սկզբից (2009) Իսրայելը դարձել է բավականին նշանակալի խաղացող այս տարածաշրջանում:

Դա պայմանավորված է հետխորհրդային տարածքում ինչպես Երուսաղեմի ընդհանուր ակտիվացմամբ, որտեղ հատուկ դերը պատկանում է Շիմոն Պերեսին եւ ԱԳՆ-ի ղեկավար Ավիգդոր Լիբերմանին, այնպես էլ Իրանի եւ Թուրքիայի հետ Իսրայելի աճող հակամարտությամբ: Հրեական պետության` տարածաշրջանի գործերին խառնված լինելը դրսեւորվում է  Ադրբեջանի հետ ռազմավարական մշտական հարաբերությունների աճով, 2011 թվականի դեկտեմբերից Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաեւ Հայաստանի հետ ոչ բարձրաձայն կապի պահպանման հետ: Դա առաջացնում է Իսրայելի հակառակորդների, առաջին հերթին` Իրանի, աճող հակազդեցությունը, որն արտահայտվում է Ադրբեջանի հետ նրա հարաբերությունների վատացմամբ եւ Հարավային Կովկասում իսրայելական օբյեկտների նկատմամբ մշտական ահաբեկչությունների փորձերի մեջ (վերջին նման փորձերը եղել են  հունվարին` Բաքվում, եւ փետրվարին` Թբիլիսիում):

Միայն վերջին կես տարվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ որոնք վկայում են Իսրայելի` հարավկովկասյան հանրապետությունների հետ աճող կապերի ամրապնդման մասին: 

Այդ ընթացքում Բաքու են  այցելել կապի նախարար Մոշե Կահլոնը, ենթակառույցների նախարար Ուզի Լանդաուն, ԱԳՆ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Բարաքը: Զուգահեռ տեղի են ունեցել նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները իսրայելական գործընկեր Շիմոն Պերեսի եւ գաղտնի ծառայությունների նախարար Դան Մերիդորի հետ: Իսկ Իսրայել է այցելել ադրբեջանական պատվիրակությունը տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաեւի գլխավորությամբ: Այդ ընթացքում կողմերի միջեւ կնքվել է 1,6 միլիարդ դոլար արժողությամբ խոշոր ռազմական գործարք:

Այդ նույն ժամանակ Վրաստանում իսրայելացի գործարարներ Ռոնի Ֆուքսի եւ Զեւա Ֆրենքելի ազատումը հանդիսացել է երկկողմ հարաբերությունների կարգավորման ազդակ: Փետրվար-մարտին Իսրայել են այցելել ԱԳՆ-ի ղեկավար Գրիգոլ Վաշաձեն, տնտեսության նախարար Վերա Քոբալիան, խորհրդարանի նախագահ Դավիդ Բաքրաձեն, Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը: 

Այդ կես տարվա ընթացքում Իսրայել է այցելել Հայաստանի պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը, իսկ Երեւանում  գտնվել է ԱԳՆ-ի կենտրոնական ապարատի աշխատակից Շմուել Մերոմը: Ապրիլից Armavia ընկերությունը թողարկում է ամենշաբաթյա երկու չվերթներ Երեւան - Թել Ավիվ ուղղությամբ: