Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ ընկերության վարչության նախագահի լիազոր ներկայացուցիչ Վադիմ Միտյուշինն այսօր` մարտի 29-ինԵրեւանում ստորագրեցին համաձայնագիր, որով վաղաժամ դադարեցվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի հավատարմագրային կառավարման պայմանագիրը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամլո ծառայությունից:

Ավելի վաղ ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունն էր տարածել հաղորդագրություն այն մասին, որ պայմանագիրը լուծարվել է պաշտոնապես:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՀՀ կառավարությունն իր նիստում լիազորեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին` Հայաստանի հանրապետության անունից  լուծարել «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հետ հավատարմագրային կառավարման պայմանագիրը:

Նշենք, որ Հայկական ատոմակայանը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը հավատարմագրային կառավարման է հանձնվել 2003 թ.` 5 տարի ժամկետով, իսկ 2008 թ. այդ ժամկետը երկարաձգվել է եւս 5 տարով` մինչեւ 2013 թ.: 2011 թ. հունիսին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի նորանշանակ նախագահ Բորիս Կովալչուկը հայտարարեց, որ ցանկանում է Հայկական ատոմակայանի հետ կառավարման նոր պայմանագիր կնքել, իսկ այնուհետեւ հայտարարեց պայմանագիրը լուծարելու ցանկության մասին:

Այդ հայտարարություններից հետո ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանը հայտարարեց որ Հայաստանը ատոմակայանի հավատարմագրային կառավարման նոր պայմանագիր չի կնքի: