Հնարավոր դժբախտ պատահարները կանխելու եւ բացառելու նպատակով փակվել է «Մոզրով»-ի քարանձավի մուտքը: Այս մասին հայտնում է «Պատմշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրենի օգնական Մարինե Ավանեսյանը:

Այս առնչությամբ, ծառայության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է.

«Մարտի 12-13-ին ինտերնետային կայքերով տեղեկատվություն տարածվեց, թե փլուզվել է «Մոզրով»-ի քարանձավը։ Մասնագիտական խումբն Արփի համայնքում հաշվառված քարանձավի տարածքում հաջորդող օրերին ուսումնասիրություն կատարեց՝ արձանագրվելով, որ քարանձավը չի փլուզվել, սակայն, անդունդի մուտքի հատվածի կամարի եզրից քարեր են թափվել՝ առաջացնելով հատակի սողք: Մասնագետներն արձանագրեցին նաեւ, որ  վնասված չէ քարանձավի հիմնական ծավալը ու քարայրի ամբողջությանը վտանգ չի սպառնում: Սակայն, երկրաբանական ու կլիմայական ազդեցությամբ պայմանավորված խիստ վթարավտանգ է դարձել քարանձավի մուտքի հատվածը։

Նկատի ունենալով մասնագետների երզրակացությունն ու հանգամանքը, որ քարանձավ հաճախ մուտք են գործում նաեւ շարքային քաղաքացիներ, էքստրեմալ տուրիզմի սիրահարներ, ՊՈԱԿ-ի ղեկավարությունը որոշում կայացրեց քարանձավի մուտքը փակել՝ կանխելու եւ բացառելու հնարավոր դժբախտ պատահարները։

Մարտի 22-ին «Պատմշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպել  է քարանձավի մուտքի փակման աշխատանքների իրականացումը։ Ամրացվել եւ եռակցվել են են մուտքը փակող մետղայա թիթեղներն ու բաց հատվածները, որից հետո դրանք ծածկվել են հողի հաստ շերտով»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության Վայոց Ձորի ակտիվիստները հայտնել էին, որ փլուզվել է Հայաստանի բնության ամենչքնաղ հուշարձաններից մեկը` հանրահայտ Մոզրովի քարանձավը, որը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկված է Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: