Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ բացառապես քաղաքական էր, եւ իրականում օրինագիծը չէր հակասում Սահմանադրությանը, կարծում է Ֆրանսիայում Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը:

Նրա խոսքով` եթե հարցն այդ տեսանկյունից դիտարկվի, ապա Ֆրանսիայում կան նաեւ այլ օրենքներ, որոնք հակասում են խոսքի ազատության սկզբունքին, օրինակ` Հոլոքոստի ժխտման քրեականացումը կամ ռասիզմը բացառելու մասին օրենքը: Նշված օրենքները հստակ սահմանափակումներ են պարունակում, սակայն դրանց առկայությունը չափազանց կարեւոր է, կարծում է ՀՅԴ ներկայացուցիչը:

Փափազյանը հիշեցրել է Ֆրանսիայում տվյալ հարցի  զարգացման պատմությունը. «Մենք նախաձեռնել էինք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մշակումը 2006 թվականին, երբ թուրքական կազմակերպությունները թուրքական պետության անմիջական աջակցությամբ սկսել էին  հակահայկական ակցիաներ իրականացնել, որոնց էությունն այն էր, որ Հայոց ցեղասպանություն չի եղել»: Նա հիշեցրել է, որ 2006 թվականի մայիսի 18-ին Ֆրանսիայի Սոցկուսակցությունը ազգային ժողովի օրակարգ էր մտցրել հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրինագիծ: Ժան Լուի Դեբրեն, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ազգային ժողովի խոսնակի պաշտոնը, իսկ այժմ Սահմանադրական խորհրդի նախագահն է, փակել էր նիստը` գիտակցելով, որ  հակառակ դեպքում օրինագիծը կընդունվի:

Մ. Փափազյանը նաեւ նշել է, որ ՍԽ-ի շատ անդամներ սկզբնապես ելույթ են ունեցել  տվյալ օրինագծի դեմ, եւ Խորհրդի որոշումը կանխատեսելի է եղել:

Ֆրանսիայում Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչյա Վարժապետյանը տեղեկացրել է, որ Սահմանադրական խորհրդի երկու անդամներ ունեցել են «անձնական տնտեսական շահեր Թուրքիայում», ինչը դեր է խաղացել որոշումն ընդունելիս:

Վարժապետյանը կարծում է, որ ողջ այդ գործընթացը բարոյական հաղթանակ է հայ ժողովրդի համար, քանի որ օրինագծի օգտին հանդես են եկել Ազգային ժողովի եւ Սենատի 300 անդամներ, իսկ դրա դեմ հանդես են եկել ընդամենը Սահմանադրական խորհրդի 11 անդամներ: Արդյունքում, փոքրամասնության կարծիքը փաթաթվել է մեծամասնության վզին:

Վարժապետյանը նշել է եւս մեկ հետաքրքիր գործընթաց, որը հետեւել է օրինագծին. Ֆրանսիական հասարակությունը բաժանվել է հայամետ եւ թուրքամետ հատվածների: Ընդ որում, եթե հասարակ քաղաքացիների շրջանում հայամետ տրամադրություն ունեցողները 80 տոկոս են, իսկ թուրքամետները` 20 տոկոս, ապա քաղաքական գործիչների եւ լրատվամիջոցների շրջանում այդ հարաբերակցությունը 50/50 է:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ եթե հայամետ քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները առաջնորդվում են համոզմունքներով, ապա թուրքամետների պարագայում հիմնական խթանը փողն է: Վարժապետյանը նշել է, որ ֆրանսիական մամուլի տվյալներով, «հայկական օրինագծերը» տապալելու համար Թուրքիան միայն վերջին տարում ծախսել է 100 մլն դոլար: