Ալմաթիում կայացած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելուց հետո Արաբական միացյալ էմիրություններով Երեւան վերադարձի ճանապարհին ՀՀ Ազգային ժողովի նախագահի ղեկավարած պատվիրակությունն, այսօր` մարտի 29-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային ազգային խորհրդի նախագահ Մուհամմադ Ահմադ ալ-Մուրրի հետ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՄԷ Դաշնային խորհրդի նախագահը հույս է հայտնել, որ այս այցն իր նպաստը կունենա երկկողմ միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման գործում:

Ս.  Նիկոյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը եւ բարձր է գնահատում ԱՄԷ  հավասարակշիռ  արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային ու միջազգային խնդիրների նկատմամբ:

Հայաստանի ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը նշելով, որ Հայաստանում արդեն ձեւավորված է ՀՀ-ԱՄԷ բարեկամության խումբ: Ի պատասխան, ԱՄԷ Դաշնային խորհրդի նախագահը հավաստիացրել է, որ իրենց Ազգային խորհրդում մոտ ապագայում բարեկամության այդպիսի խումբ կձեւավորվի նաեւ Հայաստանի հետ:

Հատուկ կարեւորվել է առեւտրատնտեսական եւ զբոսաշրջության բնագավառներում հետագա համագործակցության խթանումը, ինչը կարեւոր գործոն է ժողովուրդների միջեւ շփումների ակտիվացման եւ փոխվստահության ամրապնդման հարցում:

ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է նաեւ Հայաստանի տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերը եւ հույս հայտնեց, որ էմիրաթական կողմն իր մասնակցությունը կունենա ծրագրերի իրականացման գործում, հատկապես, որ դրանց շնորհիվ Ծոցի տարածաշրջանի երկրները ամենակարճ ճանապարհով ելք կունենան դեպի Սեւ ծով եւ Եվրոպա:

Պարոն Նիկոյանը ներկայացրել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների  ներկայիս մակարդակը, Լեռնային Ղարաբաղի  հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը,  անդրադարձավ տարածաշրջանի այլ խնդիրների: