Հայաստանի սփյուռքի նախարարության եւ Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ, ինչպես նաեւ «Ծաղիկ» գրական ազգային շաբաթաթերթի մասնակցությամբ մարտի 28-ին Բեյրութի «Հակոբ Տեր Մելքոնյան» թատերասրահում  տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված Եղիշե Չարենցի 115-ամյակին: NEWS.am-ին ԱԳՆ-ից հայտնեցին, որ գրական երեկոն ուղեկցվել է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» ստեղծագործության ընթերցմամբ, ասմունքող Անի Սարաֆյան-Եփրեմյանը արտասանել է «Ես իմ անուշ Հայաստանի» եւ «Սայաթ Նովա» բանաստեղծությունները, երիտասարդ երաժիշտները կատարել են  Սայաթ Նովայի, Կոմիտասի եւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Միջոցառման ավարտին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը կարեւորել է երեկոյի անցկացումը, ներկայացրել է մանրամասներ  ապրիլին Երեւանում նախատեսվող միջոցառումների մասին, որոնք նվիրված կլինեն  հայ գրատպության 500-ամյակին եւ Երեւանը՝ որպես 2012 թ. համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու ծրագրին: Նա ընդգծել է, որ հայ գրականությունը, պոեզիան, հայ ընտանիքի, կրթօջախների եւ եկեղեցու հետ մեկտեղ հայկականության ոգու, հարուստ բարոյական, մշակութային, կրթական եւ գրական արժեքների պահպանման եւ ամրապնդման երաշխիքն ու հենասյունն է: Դեսպան Քոչարյանը   հրապարակել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանը Մշակույթի վաստակավոր գործիչ,  Նախագահ մրցանակի դափնեկիր Նորայր Ադալյանին ունեցած բազմամյա ստեղծագործական վաստակի համար  Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» ոսկե մեդալով պարգեւատրելու մասին: Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է նաեւ Գրողների միության նախագահի որոշման մասին  միջոցառմանը ներկա հայտնի թատերագիր, գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Մութաֆյանին Հայասատանի գրողների միության ոսկե մեդալով պարգեւատրելու մասին: