«Հայ ազգային կոնգրես» դաշինքի նախընտրական շտաբը գլխավորելու է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

Ըստ Մուսինյանի, նախընտրական շտաբը ձեւավորվել է կենտրոնական գրասենյակի հիման վրա, իսկ քարոզչական հարցերով զբաղվելու է ինքը` Արման Մուսինյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու է Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ-ի շտաբը` քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: «Օրինաց երկիր» կուսակցության շտաբի պետը Հեղինե Բիշարյանն է, «Ժառանգության» շտաբի պետը` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական շտաբը գլխավորելու է պատգամավոր Միքայել Մանուկյանը, Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարում է Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախընտրական շտաբը ղեկավարում է կուսակցության նախագահության անդամ Լյուդմիլա Ազիզյանը, «Միավորված հայեր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարում է կուսակցության նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: