Guerlain կոսմետիկայի հայտնի ընկերության հիմնադրի  75-ամյա ժառանգ Ժան Պոլ Գերլենը «նեգրի» համար պատասխան կտա ամբողջական ծավալով. դատարանը նրան տուգանել է 6 հազար եվրոյով:

Բացի դրանից, նա հավելյալ պետք է 2 հազար եվրո վճարի իր դեմ դատարանում բողոք ներկայացրած հակառասիստական յուրաքանչյուր կազմակերպության. դրանք են Mrap-ը, Licra-ն եւ SOS Racisme-ը, հայտնում է  RFI-ն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, աղմուկը բարձրացել էր այն բանից հետո, երբ ելույթ ունենալով  France 2 հեռուստաալիքի եթերում, Գերլենը, պատմելով իր աշխատանքի մասին, հայտարարել էր, որ աշխատել է  «ինչպես նեգր»: «Այս անգամ ես սկսել եմ աշխատել նեգրի պես», – ասել է Գերլենը հեռուստաեթերում: Եւ ավելացրել է. «Չգիտեմ, բոլոր նեգրերն են արդյոք այսպես աշխատում...»:

Ժան Պոլ Գերլենն անձամբ անմիջապես ներողություն է խնդրել  եւ շարունակել է ներողություն խնդրել 1,5 տարվա ընթացքում` ներում հայցելով սեւամորթներից իր հիմարության համար: Սակայն դա չի խանգարել բողոքի ակցիայի անցկացմանը եւ Guerlain ապրանքանիշի արտադրանքը բոյկոտելու բազմաթիվ կոչերին: Ընկերությունը նույնիսկ դադարեցրել է բոլոր հարաբերությոները հանրահայտ փարֆյումերի հետ, որն այն ժամանակ խորհրդական է եղել: