Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը պատգամավորության 5 թեկնածուների մերժել է Հայաստանում մշտապես բնակվելու տեղեկանք տրամադրել: Այդ հինգ անձանցից երկուսը գործարար Խաչատուր Սուքիասյանն ու ՕԵԿ անդամ Էդուարդ Մադաթյանն են, իսկ մյուս երեքի անունը դեռ անհայտ է:

Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չնշեց այդ անձանց անունները` նկատելով, որ անունները հրապարակելու իրավունք չունի: «Անհատական տվյալների մասին օրենսդրությունը անվան հրապարակումը հնարավոր է դարձնում միայն սուբյեկտի համաձայնությամբ: Տեղեկանքի տրամադրումը մերժվել է հինգ անձանց դեպքում, որոնք, ըստ մեր ստուգումների, ՀՀ-ում վերջին 5 տարին մշտապես չեն չեն բնակվել»,- նշեց վարչության պետը:

Վերջինիս խոսքով, տեղեկանքի տրամադրումը կարող է մերժվել, եթե քաղաքացին հինգ տարվա ընթացքում վեց եւ ավելի ամիս ապրել է Հայաստանից դուրս: Իսկ այդ հարցը կարգավորվում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի դրույթներով:

Անդրադառնալով մասնավորապես Խաչատուր Սուքիասյանի դեպքին` Հովհաննես Քոչարյանը նշեց, որ նա Հայաստանում անընդմեջ չի բնակվել 10 ամիս եւ 20 օր:

«Ըստ ձեր կողմից հիշատակված անձանց ներկայացուցիչների (Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանի-խմբ.) հայտարարության` 10 ամիսը 5 տարվա մեջ 18 տոկոս է կազմում, հետեւապես դա չի կարող մշտապես բացակայություն համարվել: Սակայն այն իրավանորմը, որի վրա մեկնաբանություն է արվում` «Քաղաքացիական օրենսգրքի» 23 հոդվածը, կիրառելի է բացառապես քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորելիս, այսինքն անձնական եւ գույքային հարաբերությունները կարգավորելիս: Տվյալ պարագայում մենք գործ ունենք հանրային իրավահարաբերության հետ, որը կարգավորվում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի դրույթներով»,- նշեց Քոչարյանը հավելելով, որ ռեգիստրը հստակ սահմանում է այն ժամկետը, որը լրանալու դեպքում քաղաքացին պարտավոր է դուրս գալ ՀՀ հաշվառումից, դա վեց ամսից ավելի դրսում բնակվելն է: («Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետ. «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին»):

«Ի՞նչ է ստացվում: Եթե բնակչի հասցեն համարվում է մշտական բնակության վայրի հասցե, ապա վեց ամիս հետո օրենքը պարտավորեցնում է դուրս գալ ՀՀ հասցեից եւ գրանցվել հյուպատոսական ծառայությունում կամ դիվանագիտական ներկաայցուցչությունում: Այսինքն, այդ պահից սկսած նա չի համարվում մեր բնակիչը, համարվում է դրսում բնակվող: Խաչատուր Սուքիասյանը 10 ամիս 20 օր անընդմեջ եւ տեւական բացակայել է, եւ հետեւաբար մենք տեղեկանքի տրամադրումը մի դեպքում խնդրեցինք թողնել անհետեւանք, մյուս դեպքում մերժեցինք, նա մեծամասնականով էր դիմել եւ սահմանված կարգով ստացել էր: Ուրիշ իրավական հիմք տեղեկանքը տրամադրելու իմաստով չկար: Բացառապես նստակեցության ցենզի չբավարարելու նկատառումով ենք մերժել այդ հինգ անձին»,- ամփոփեց Հովհաննես Քոչարյանը: