Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումները 2012 թվականի մարտի 30-ից մինչեւ ապրիլի 2-ը չեն աշխատելու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դա պայմանավորված է տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման եւ վարորդական վկայականների հատկացման համակարգերի արդիականացման, տեխնիկական վերազինման եւ Երեւանի քաղաքի հաշվառման-քննական նոր ստորաբաժանման գործարկման հետ:

«Ճանապարհային ոստիկանությունը հայցում է Ձեր ներողամտությունը եւ խնդրում տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման եւ վարորդական վկայականների ստացման համար դիմել 2012 թվականի ապրիլի 3-ից սկսած:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ`

1. 2012 թվականի ապրիլի 3-ից Երեւան քաղաքում նախկին երեքի փոխարեն գործելու է մեկ հաշվառման-քննական ստորաբաժանում, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում` Գաջեգործների 76 հասցեում (Դավիթ Բեկ փողոցում գտնվող ֆուտբոլի մարզադաշտի հարեւանությամբ).

2. տրանսպորտային միջոցների օտարման այն պայմանագրերի, որոնց ժամկետը լրանում է մարտի 30-ից մինչեւ ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում, գործողության վերջին օր կհամարվի 2012 թվականի ապրիլի 3-ը»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: