Երեւանի թիվ 4 ընտրատարածքից (Արաբկիր) ընտրված ԱԺ պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը հետեւողական է լինելու Facebook սոցիալական ցանցում իր եւ Ալեն Դելոնի նկարներով բացված էջի հեղինակին հայտնաբերելու եւ պատժելու հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Զոհրաբ Զոհրաբյանը, հավելելով, որ պատիժը լինելու է օրենքի սահմաններում:

«Կարծում եմ, որ մարդիկ այնքան խելամիտ կլինեն ու հիմարություններով չեն զբաղվի: Այո, ես սոցիալական կայքերում գրանցված եմ եւ կարծում եմ ամոթ կլիներ, եթե գրանցված չլինեի: Սակայն իմ էջից կլոն էջեր են պատրաստում ու դա արդեն 2 տարուց ավելի է: Ինձ զանգահարում են ու ասում. «Գիտե՞ս, որ այս պահին քո էջում ես»: Անակնկալի գալով պատասխանում եմ, որ փողոցում եմ: Ավելի ուշ համոզվում եմ, որ ինչ-որ մեկն իմ անունից գրում է»,- պարզաբանեց Զոհրաբ Զոհրաբյանը, կրկին ընդգծելով, որ հետեւողական է լինելու նման մարդկանց հայտնաբերելու եւ պատժելու հարցում: