«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հովանավորում է «Red Bull Paper Wings 2012» առաջնության ազգային փուլը:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 27-29-ին Հայաստանի բուհերի ուսանողները ցուցադրել են թղթյա ինքնաթիռ պատրաստելու իրենց հմտությունները, լավագույն արդյունքներ ցուցադրած 45 մասնակից մարտի 31-ին կպայքարեն աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար:

«Տարեցտարի Red Bull Paper Wings առաջնությունը հավաքում է ավելի մեծ թվով երկրպագուներ ամբողջ աշխարհով: Առաջին հայացքից պարզ ու հասկանալի առաջադրանքները մասնակիցներից պահանջում են երկրաչափության հիմունքների, աէրոդինամիկայի եւ ֆիզիկայի օրենքների իմացություն: Վստահ եմ, որ մասնակիցները կցուցադրեն բարձր պատրաստվածություն եւ կստանան դրական լիցքեր եւ անմոռանալի տպավորություններ», - ասել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Red Bull Paper Wings 2012» համաշխարհային առաջնության շրջանակում թղթյա ինքնաթիռների մրցումների ազգային փուլն անցկացվում է 3 դասերում` «թռիչքի հեռավորություն», «թռիչքի տեւողություն» եւ  «աէրոբատիկա»: Ընտրական փուլերն անցկացվել են մարտի 27-ին` Երեւանի պետական համալսարանում, մարտի 28-ին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում եւ մարտի 29-ին` պետական տնտեսագիտական համալսարանում: Յուրաքանչյուր փուլում լավագույն արդյունքներ ցուցադրած 15 ուսանող անցել են ազգային եզրափակիչ եւ մարտի 31-ին կպայքարեն Աշխարհի առաջնության 3 ուղեգրերի համար:

«Red Bull Paper Wings 2012» առաջնությունն անցկացվում է 2006 թվականից ավստրիական Զալցբուրգ քաղաքում` յուրաքանչյուր 3 տարին մեկ:  Մրցումներին մասնակցում են տարբեր երկրների ուսանողներ: