Ապրիլի 8-ին Հայ առաքելական եկեղեցին նշելու է Ս. Զատիկը` Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի արյունը, որն ըստ եկեղեցու` թափվեց մարդկության փրկության համար:

Զատկին ձու ներկելու եւ «կռվացնելու» սովորույթը այնքան է արմատացել հայ հասարակության շրջանում, որ դադարել է զուտ կրոնական բնույթ ունենալ: Ի դեպ` կաթոլիկները կոպտություն են համարում ներկած ձուն կռվացնել-կոտրելը, սակայն հայ մանուկներին դրանից հեռու պահելը գործնականում անհնար է: Զատկի նախօրեին ձվի ու կանաչեղենի պահանջարկն այնքան է մեծանում, որ երբեմն շուկայում դեֆիցիտ է առաջանում: Քանի որ ձվի շուկայում կան գերիշխող դիրք գրավողներ, չի բացառվում նաեւ գերիշխող դիրքի չարաշահում` արհեստական դեֆիցիտի ստեղծում ու գների բարձրացում: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում որպես գերիշխող դիրք գրավողներ գրանցված են 4 թռչնաֆաբրիկաներ, որոնց բաժին է ընկնում ձվի շուկայի մոտ 86 %-ը: Դրանք են` «Արաքս թռչնաֆաբրիկան», «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան», «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան», «Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան»: 

Թե ինչպես կլինի շուկայական իրավիճակն այս տարի` առայժմ դժվար է ասել: Նշենք սակայն, որ պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է ձվի արտադրության զգալի անկում: Այսպես` 2012 թ. փետրվարին հանրապետությունում արտադրվել է մոտ 40 մլն հատ ձու` 6.4 %-ով ավելի պակաս, քան 2011 թ. փետրվարին: Ընդ որում` ձվի արտադրությունը հիմնականում նվազում է մարզերում: Սյունիքի ու Արարատի մարզերում ձվի արտադրությունը նվազել է 40-45 %-ով, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Տավուշում` 20-25 %-ով: Սա նշանակում է, որ գյուղացիները ոչ միայն ձու չեն հանի շուկա, այլեւ իրենք կդառնան գնորդներ; Միայն Շիրակի մարզում է, որ գյուղացիական փոքր տնտեսություններն ավելացրել են ձվի արտադրությունը;

Ձվի արտադրության աճ գրանցվել է այն մարզերում, որտեղ կան խոշոր թռչնաբուծարաններ` Երեւան, Կոտայք, Արագածոտն: Նշենք, որ հանրապետությունում ձվի մոտ 30%-ը արտադրվում է Կոտայքի մարզում: ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հանձնաժողովը Զատկի տոներից առաջ խիստ վերահսկողություն է սահմանել ձվի շուկայում եւ իրականացնում է ամենօրյա մոնիթորինգ: Բացի այդ` ձու արտադրող տնտեսվարողները զգուշացվել են`անհիմն չբարձրացնել ձվի գները, այլապես կենթարկվեն տուգանքների: «Համոզված ենք, որ Զատկի տոնին ձվի դեֆիցիտ չի լինի, ու գները բարձրացնելու պատճառ չի լինի»,- ասաց Գ. Սահակյանը:

Նշենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ ձվի հանրապետական միջին գինն աճել է 5.5%-ով, իսկ 2012թ. փետրվարի համեմատ գրանցվել է 0.9% գնանկում:

Սամվել Ավագյան