Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունն այսօր` ապրիլի 2-ին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ կմասնակցի «Եվրանեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նստաշրջանին, որն աշխատանքները կսկսի Ադրբեջանի մայրաքաղաքում:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից, հայկական պատվիրակության կազմում են Վահան Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Գալստյանը, Խաչիկ Պետրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, Հովհաննես Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Մանվել Բադեյանը, Կարինե Շիմշիրյանը եւ Անդրանիկ Սարգսյանը: 

«Եվրանեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նստաշրջանը աշխատանքները կսկսի բյուրոների եւ հանձնաժողովների նիստով, ասվում է Եվրամիության Բաքվի գրասենյակի հաղորդագրությունում, գրում է  «ՌԻԱ Նովոստին»:

Բելառուսը ներկա պահին չի մասնակցում  «Եվրանեսթ»-ի աշխատանքներին` քաղաքական պատճառներով, նշվում է հաղորդագրությունում:

Եվրախորհրդարանի պատվիրակության կազմում, որը կմասնակցի նստաշրջանի աշխատաքներին, առկա են 37 պատգամավորներ:

Բացի այդ, կքննարկվեն նաեւ «Եվրանեսթ»-ի աշխատանքներին Բելառուսի մասնակցության խնդիրները:

Նստաշրջանի շրջանակում նախատեսված է հատուկ փորձագիտական սեմինարի անցկացում  «Էներգետիկ ոլորտում Եվրամիության եւ «Արեւելյան գործընկերության» ծրագրում ներառված երկրների հաջողված նախագծեր, խոչընդոտներ եւ հեռանկարներ» թեմայով:

«Եվրանեսթ»-ը, որում ներկայացված են Եվրախորհրդարանի պատգամավորներ եւ ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրում ներառված երկրներ (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա), «Արեւելյան գործընկերության» խորհրդարանական բաղադրիչն է:

Հիշեցնենք, որ Բաքուն անվտանգության երաշխիքներ է ներկայացրել հայկական պատվիրակության անդամների համար: