Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի հրավերով, պաշտոնական այցով Սլովակիա են ժամանել Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի /ԵՀՄՖ/ քարտուղարությունից:

Այսօր նրանք մասնակցելու են Սլովակիայի իրավաբանական ակադեմիայի կողմից կազմակերպված «Մարդկության դեմ հանցագործությունների իրավագիտական հարցերը» սեմինարին: Գագիկ Հարությունյանը ներկայացնելու է Հայոց ցեղասպանության եւ ցեղասպանությունը քրեականացնող օրենքի հետ կապված մի շարք պարզաբանումներ:

Վաղն` ապրիլի 3-ին, նրանց ընդունելու է  Սլովակիայի գլխավոր դատախազը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Հայաստանի հետ կապերի հետագա զարգացումների հարցերը: Այնուհետեւ, «Պան եվրոպական իրավաբանական համալսարանի» կենտրոնական դահլիճում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ելույթ կունենա փաստաբանների եւ իրավաբան ուսանողների առջեւ «Հայաստանում նախատիպային արդարադատության կայացումը» թեմայով:

Պատվիրակությունը կմասնակցի Սլովակիայի ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման պատվին կառուցված խաչքար-հուշակոթողին ծաղկեպսակ մատուցելու արարողությանը:

Այցի վերջում նախատեսված է հանդիպում ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանի գրասենյակում Հայաստանի հարցերով զբաղվող սլովակ հայտնի քաղաքական գործիչներ` նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկու, Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի եւ Չեխոսլովակիայի նախկին գլխավոր դատախազ, Սլովակիայի Գլխավոր դատախազի առաջին տեղակալ Մարտին Լաուկոի հետ: Կքննարկվեն հիմնականում Արցախի անկախության խնդիրները եւ դրան տանող ուղիների պարզաբանումը: