Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, Գեւորգյան հոգեւոր ճեմարանում, ապրիլի 1-ին, Գարեգին Բ Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն: Հայրենանվեր ու եկեղեցանվեր գործունեության համար Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» եւ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ են ստացել Մայր տաճարի երգչախմբի մենակատար Վալերի Արությունովը եւ «Շողակաթ» հեռուստաընկերության աշխատակցուհի Անահիտ Աբովյանը:

Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը, որից հետո պարգեւատրվողների կյանքին ու գործունեությանն են անդրադարձել «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը եւ արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանը:

Այնուհետեւ «Էջմիածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվել են Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցել են Մայր աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը:

Կոնդակների ընթերցումից հետո Գարեգին Բ-ն նվիրյալներին հանձնել է Հայոց եկեղեցու պատվո շքանշանները:

Հանդիսությանը շարականների կատարմամբ հանդես եկավ նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախումբը: