Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցելու է 155 թեկնածու:

Երեկ` ապրիլի 1-ին, ժամը 18-ին ավարտվել է թեկնածուների գրանցման գործընթացը, 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները նախապես հայտ ներկայացրած 181 թեկնածուներից գրանցել են 155-ին: Մնացած 26-ը տարբեր պատճառներով (գրանցման մերժում, ինքնաբացարկ) դուրս են մնացել հետագա պայքարից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ մերժել է երեք թեկնածուի գրանցումը: Մասնավորապես մերժվել են «Հայ ազգային կոնգրես» դաշինքից Խաչատուր Սուքիասյանի եւ «Օրինաց երկիր» կուսակցության ընտրացուցակից Արամ Հարությունյանի ու Գեւորգ Թոսունյանի գրանցումը:

Եւս 8 թեկնածուներ ինքնաբացարկ են ներկայացրել: ՕԵԿ-ից ինքնաբացարկ է հայտարարել նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, «Միավորված հայեր»-ից՝ Տելեմակ Աֆրիկյանը, «Բարգավաճ Հայաստանից»` Սերգեյ Բագրատյանը եւ Մհեր Պողոսյանը, ՀՀԿ-ից Դավիթ Սարգսյանը, Արտեմ Սարգսյանը, Արմեն Բաղդասարյանը:

ԿԸՀ-ն նաեւ գրանցել է համամասնական ընտրակարգով հայտ ներկայացրած կուսակցություններին եւ մեկ ընտրական դաշինքին: