«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական համամասնական ցուցակի նպատակը մեկն է` Հայաստանում իրականացնել իշխանափոխություն: Այս մասին,  այսօր` ապրիլի 2-ին, մամուլի ասուլիսում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, հավելելով, որ իրենք միավորվել են գաղափարաքաղաքական հենքի վրա:

Նրա խոսքով, հայ-թուրքական, արցախյան եւ մարդու իրավունքների խնդիրների շուրջ իրենք նույն մոտեցումն են որդեգրում: Բացի այդ, ըստ նրա, պետական կառավարման համակարգի  փոփոխության հարց է դրված: «Ներկայիս  պետական կառավարումը կիսանախագահական է, սակայն մեր հաղթանակի դեպքում դառնալու է խորհրդարանական կամ ինչպես ասում են անցնելու ենք վարչապետական համակարգի»,- ընդգծեց Ռուբեն Հակոբյանը:

«Ժառանգության» ընտրացուցակում ընդգրկված ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն էլ ասաց, որ իրեն հրավիրել են այդ թիմում դրսեւորել իր քաղաքական հայացքները, իսկ իրեն գրավել է կուսակցության ազատականությունը: «Կապ չունի ովքեր են նախաձեռնել եւ ում են հրավիրել: Կարեւորն այն է, որ մենք հռչակել ենք, որ միասնական թիմ ենք»,- ավելացրեց անկուսակցական Կարապետ Ռուբինյանը: