Օտարերկրյա ներդրումները Հայաստանում 2011 թ. կազմել են 1.65 մլրդ դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 6.3%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Աճը տեղի է ունեցել ուղղակի ներդրումների հաշվին, որոնք կազմել են 813.3  մլն. դոլար  (աճել է 15.1%-ով):

Հայկական ընկերությունների կողմից այլ երկրներում իրականացվել է 115.8 մլն դոլար ներդրում, աճը 22.4 % է:

Հայաստանի խոշորագույն ներդրումային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, որին բաժին է ընկնում ներդրումների կեսից ավելին` 338 մլն դոլար: Ֆրանսիան երկրորդ տեղում է` 100 մլն դոլար ցուցանիշով; Առաջին անգամ ԱՄՆ-ը հայտնվել է երրորդ խոշոր ներդրողի դիրքում, ուր սովորաբար տեղ են զբաղեցնում Գերմանիան կամ Արգենտինան: Ամերիկյան ներդրումները կազմել են 43.8 մլն դոլար, աճը նախորդ տարվա համեմատ կազմում է 2.7 անգամ: ԱՄՆ-ին հաջորդում է Կանադան` 31.7 մլն դոլար եւ 22.1 % աճ: Գերմանիան գրեթե կիսով չափ նվազեցրել է ներդրումյների ծավալը եւ հայտնվել հինգերորդ տեղում 24.5 մլն դոլար ցուցանիշով: 

Օտարերկրյա ներդրումների ամենամեծ հոսք ուղղվել է հիմնային մետաղների արտադրության ոլորտ` ընդհանուրի մոտ 24%-ը; Մեծ է նաեւ ներդրումային ակտիվությունը հեռահաղորդակցության (ընդհանուրի 17.5%-ը), էներգետիկայի ոլորտներում (12.4%):