Տուվալուի ԱԳՆ-ի մշտական քարտուղար Տապուգաո Ֆալեֆոուն հայտարարել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կառավարության որոշումը ֆինանսական ոչ մի ենթատեքստ չունի: Նրա խոսքով` կողմերից ոչ մեկը ֆինանսական ոչ մի խոստում չի տվել, հաղորդում է Radio New Zealand International-ը:

«Որքանով ինձ է հայտնի, մենք Հայաստանից ոչ մի ֆինանսական օգնություն չենք ստացել, ինչպես նաեւ` օգնության խոստումներ», - հայտարարել է Ֆալեֆոուն:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանը պարզապես այն բազմաթիվ երկրներից մեկն է, որոնց հետ Տուվալուն  դիվանագիտական հարաբերություններ է հաստատել:

Ինչպես հաղորդում է Radio New Zealand International-ը, երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները մի շարք երկրների քննադատությունն են հարուցել, այդ թվում` Ադրբեջանի: Նրանք հայտարարել են, որ Հայաստանի հույսն այն է, որ կղզի-պետությունը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը` ֆինանսական օգնության դիմաց:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Տուվալուի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հռչակագիրը ստորագրվել է մարտի 16-ին: