Իշխանափոխությունն աբստրակցիա չէ. այն պետք է ապահովել  մեխանիզմներով, որոնցից մեկն էլ այն էր, որ իսկապես ընդդիմությունը կարողանար միասնական թեկնածուներ ունենալ մեծամասնական  ընտրատարածքներում, որը ձախողվեց ՀԱԿ-ի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Այս մասին, այսօր` ապրիլի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի գործունեությանը, նա նշեց. «Չի կարելի օրվա մի կեսը խոսել իշխանափոխության մասին, հետո մյուս կեսը բանակցել իշխանության հետ խորհրդարան գալու համար»:

«Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված անկուսակցական Կարապետ Ռուբինյանն էլ առաջարկեց, որ Լոռիում առաջադրվելու փոխարեն Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում առաջադրված ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը հանի իր թեկնածությունն այդ ընտրատարածքից, իր տեղը զիջելով «երրորդ հանրապետության ամենալավ պատգամավորներից մեկի` Զարուհի Փոստանջյանին»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ անդրադարձավ այն փաստին, որ «Ժառանգությունը» եւ «Ազատ դեմոկրատները» ընտրությունների են գնում ոչ թե դաշինքով, այլ «Ժառանգության» ցուցակով: Նրա խոսքով, «Ազատ դեմոկրատները» նոր կուսակցություն է, որը մեկ ամսվա ընթացքում պետք է հասցներ ճանաչելի դառնալ ողջ հանրապետությունում, ինչը մի փոքր դժվար է, հետեւաբար «Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ» դաշինքը ընտրություններին ներկայանում է «Ժառանգություն» անվանումով:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի