Արարատ Զուրաբյանն ակտիվորեն մասնակցելու է նախընտրական գործընթացներին եւ իր ուժերի ներածի չափով նպաստելու է ընդհանուր դաշինքի հաղթանակին: Այս մասին, այսօր` ապրիլի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը` մեկնաբանելով այն խոսակցությունները, թե Արարատ Զուրաբյանը լքելու է կուսակցությունը: Հիշեցնենք, որ Արարատ Զուրաբյանն ընդգրկված չէ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքի համամասնական ցուցակում:
Նրա խոսքով, Ա. Զուրաբյանը կուսակցության հիմնադիր անդամներից է ու կարծում է, որ կուսակցությունը շատ երկար ճանապարհ ունի անցնելու եւ Արարատ Զուրաբյանը կորոշի իր մասնակցության ձեւաչափերը:
«Մենք միասին ճանապարհ ենք անցել եւ միասին դեռ ճանապարհ ենք անցնելու»,- ընդգծեց Ալեքսանդր Արզումանյանը:
Անդրադառնալով «Ազատ դեմոկրատների» ներքին խնդիրներին, նա նշեց. «Մենք ազատական կուսակցություն ենք, որում խոսքի ազատությունը բացարձակ արժեք է եւ չկա մի այնպիսի իրավիճակ, որ նույն կուսակցության բոլոր անդամներն ունենան նույն մոտեցումը: Այդ դեպքում մենք պետք է փակենք կուսակցությունը»:
Ալեքսանդր Արզումանյանը նաեւ ընդգծեց, որ իրենք ընդդիմադիր դաշտի որեւէ այլ ուժի մրցակից չեն համարում, իրենց մրցակիցն իշխող կոալիցիան է լինելու:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի