Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը հրաժարվել է պատասխանել իր նախկին կուսակից Կարապետ Ռուբինյանին:

Ռուբինյանն այսօր` ապրիլի 2-ին, մամուլի ասուլիսում առաջարկել էր Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում առաջադրված ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին հանել իր թեկնածությունն այդ ընտրատարածքից, իր տեղը զիջելով «երրորդ հանրապետության ամենալավ պատգամավորներից մեկի` Զարուհի Փոստանջյանին»:

«Չեմ մեկնաբանում այդ հայտարարությունը»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Արամ Մանուկյանը:

Վերջինս նաեւ հրաժարվեց մեկնաբանել նույն ասուլիսի մյուս բանախոսի` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի արտահայտությունը, թե «չի կարելի օրվա մի կեսը խոսել իշխանափոխության մասին, հետո մյուս կեսը բանակցել իշխանության հետ խորհրդարան գալու համար»:

«Մենք միակողմանի պարտավորություն ենք վերցրել չպատասխանել այլ քաղաքական ուժերի հայտարարություններին, բացառությամբ Հանրապետական կուսակցության: Մենք անհավասար պայքարի ենք դուրս եկել վարչախմբի դեմ եւ միտված ենք ամեն բան անել, որպեսզի հասնենք հաղթանակի: Այլ ուժերի նման մեկնաբանությունները, խոսքերը մենք պետք է անտեսենք»,- իր հերթին նշեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Վլադիմիր Կարապետյանը: