Երեւանի քաղաքապետարանում նախապատրաստական աշխատանքներ են տարվում ապրիլի 14-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Այս մասին նշվել է այսօր` ապրիլի 2-ին, քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շաբաթօրյակին ընդառաջ հանձնարարվել է այդ նպատակով բնակչությանն  ապահովել անհրաժեշտ բոլոր գործիքներով:

«Երեւանը բոլորիս տունն է եւ մեզնից յուրաքանչյուրը պետք է մասնակցի իր բակի ու տան հարակից տարածքի մաքրման ու կանաչապատման աշխատանքներին»,- փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հորդորը նշել է Կամո Արեյանը: 

Բնապահպանության վարչության պետին հանձնարարվել է սեղմ ժամկետում ավարտել ծաղկող թփերի ձեռքբերման եւ տնկման աշխատանքները:

Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին եւ ցուցանիշներին` հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել աղբահանության վարձավճարների գանձման ընթացքը եւ բնակչությանն իրազեկել պարտադիր վճարումների մասին` զգուշացնելով, որ չվճարելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված տույժեր եւ տուգանքներ: