Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է, որ մինչեւ ապրիլի 7-ը ավարտվեն մայրաքաղաքի գերեզմանատներ տանող ճանապարհների փոսալցման ու ճաքալցման աշխատանքները: Այս մասին նշվել է այսօր` ապրիլի 2-ին, քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ, ամենօրյա հսկողություն կսահմանվի տվյալ տարածքների սանիտարական մաքրման եւ աղբահանության պատշաճ կազմակերպման ուղղությամբ:

Անդրադառնալով մայրաքաղաքում անօթեւանների հաշվառման ու համապատասխան հաստատություններում տեղավորման ծրագրային աշխատանքների ընթացքին` սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ դեկտեմբերից մինչ օրս հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ է տեղափոխվել եւ շուրջօրյա խնամքի տակ անցել 73 անօթեւան: Զեկուցվել է, որ նրանց մի մասը հարազատների կողմից, մյուսներն էլ` հանդիսանալով մարզերի բնակիչներ, տեղափոխվել են իրենց բնակության վայրեր:

Անօթեւաններից ոմանք, աշխատանքի անցնելով, վերադարձել են ինքնուրույն կյանքի, մի քանիսն էլ տեղափոխվել են տուն-ինտերնատ: Զուգահեռաբար վարչական շրջանների զբավածության տարածքային կենտրոնների հետ աշխատանքներ են տարվում անօթեւանների աշխատանքի տեղավորման ուղղությամբ:

Հանձնարարվել է նաեւ մինչեւ ապրիլի 15-ը ապահովել Աբովյան փողոցի սահմանված հատվածում Ալեքսանդր Մանթաշյանի, ինչպես նաեւ Մոսկովյան-Տերյան փողոցների հատման հարակից տարածքում «Մշո ճառընտիրը փրկող կանայք» կոմպոզիցիոն արձանների պատվանդանների պատրաստումն ու տեղադրումը: