Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրերի վերահսկողության դիտորդական խումբն արդարադատության նախարարությանը մեղադրել է ծառայողական քննությունը ամիսներ անց իրականացնելու մեջ:

Խմբի տարածած հայտարարության մեջ ասվում է, թե խումբը պարբերաբար այցելություններ է կատարել հանրապետության մարզերում գտնվող  ՁՊՎ-ներ, որոնց ընթացքում հաջողվում է բացահայտել ոստիկանական համակարգի գործունեության այնպիսի թերացումներ որոնք ուղղակիորեն մարդու իրավունքների ոտնահարում են:

«Այսպես օրինակ 2011 թվականի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի ՁՊՎ, արձանագրել է, որ հետախուզվող Ա.Հ. Խոջայանին 17.09.2011թ. բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժին, որից հետո տեղափոխել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ: Ավելին` Խոջայանին ՔԿՀ ընդունելիս վարչակազմը չի պահանջել ՀՀ օրենսդրությամբ անհրաժեշտ փաստաթղթերը եւ ապօրինի կերպով նրան պահել են ՔԿՀ-ում: Միայն երեք օր անց է նկատվել այն փաստը, որ քաղաքացուն ՔԿՀ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (կալանավորման վերահաստատման որոշումը, ձերբակալման արձանագրությունը) բացակայում են: Դրանից հետո, 20.09.2011թ-ին Խոջայանին քննիչի միջնորդությամբ տեղափոխում են ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի ՄՎ Եղեգնաձորի ՁՊՎ եւ այնտեղ կազմակերպում նրա կալանավորման վերահաստատումը:

Այս երեւույթը բայացահայտած Դիտորդական խումբը 2011թ-ի հոկտեմբերի 24-ին թիվ 2245-99 գրությամբ դիմեց ՀՀ Արդարադատության նախարարին, որպեսզի վերոնշյալ փաստի կապակցությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեն եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:

Արդարադատության նախարարությունն անպատասխան թողեց տվյալ գրությունը, սակայն, քանի որ Դիտորդական խմբի գործունեության նպատակն էլ հենց նման երեւույթների բացահայտումն ու դրանց վերացմանը հետամուտ լինելն է, եւս մեկ անգամ` 2011թ-ի նոյեմբերի 21-ին 2245-115 գրությամբ դիմեցին ՀՀ Արդարդատության նախարար պարոն Հ. Թովմասյանին խնդրելով հետեւողական լինել բարձրացված խնդրի լուծմանը եւ Դիտորդական խմբին տեղեկացնել, թե ինչպիսի միջոցառումներ են ձեռնարկվել այդ  փաստի հետ կապված:

Բավական երկար ժամանակ անց, միայն 2012 թվականի մարտի 14-ին, նշված երկու գրություններին ի պատասխան Դիտորդական խումբը ՀՀ ԱՆ Աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Ն. Փանոսյանի կողմից ստացավ №Ե244 գրությունը, որով Դիտորդական խմբին տեղեկացվում է, որ ՀՀ ԱՆ վերահսկողության տեսչության կողմից կատարվում են բազմակողմանի ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություններ կտրվեն»:

Խումբն արձանագրել է, որ «իհարկե լավ է, որ գոնե այդքան ժամանակ անց Դիտորդական խումբն  արժանացավ պատասխանի, քանի որ երկրորդ գրությունն էլ կարող էր անտեսվել»: «Սակայն եկեք չմոռանանք, որ կոնկրետ դեպքում հարցը վերաբերում է մարդու իրավունքների կոպիտ ոտնահարմանը: Այս պարագայում ավելի քան անհասկանալի ու անընդունելի է բարձրաձայնված հարցին ԱՆ  նման վերաբերմունքը: Մանավանդ, որ հաշվի առնելով առաջին գրության ուղարկելուց հետո անցած բավական պատկառելի ժամանակամիջոցը` Դիտորդական խմբի ստացած գրությունն ավելի քան խուսափուկ եւ անորոշ արտահայտություն էր պարունակում:  Այնուամենայնիվ Դիտորդական խումբը լիահույս է, որ ՀՀ ԱՆ Աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Ն. Փանոսյանի կողմից ուղարկված այս  գրությունը կունենա իր տրամաբանական շարունակությունը»,- ասված է հայտարարության մեջ: