Կանանց միամսյակի հետ կապված, Լոռիի մարզկենտրոն Վանաձորում մի շարք միջոցառումներ էին նախատեսվել, որոնք բոլորն էլ անցել են հաջող եւ դեռ շարունակվում են: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նշեց Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը:

Միջոցառումների շարքը կեզրափակվի կանանց միամսյակի ավարտին` մայրության եւ գեղեցկության տոնին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում` Երեւանի Ստանիսլավսկիի անվան ռուսական թատրոնի դերասանների մասնակցությամբ, Նարեկ Դուրյանի «Դոն Ժուան ավիա» ներկայացմամբ: Իսկ մինչ այդ, ապրիլի 6-ին, Վանաձորի Բոհեմ թատրոնում եւս կլինի ներկայացում` միայն կանանց համար:

Ամբողջ միամսյակի ընթացքում Լոռիի մարզկենտրոնում 20 եւ ավելի միջոցառումներ են կազմակերպվել նվիրված կանանց, բացի այդ, հատուկ միջոցառումներ` բոլոր շաբաթ օրերին: Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի եւ կրթության բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը բոլոր այդ միջոցառումներից առանձնացրեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տանը կազմակերպված կին ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդեսը, որում ներկայացված են 10 հեղինակների աշխատանքներ: Այս պահին միջոցառումներ կան նաեւ Գեղարվեստի դպրոցում:

Բաժնի պետի փոխանցմամբ, բոլոր միջոցառումները բացառապես կանանց համար են եղել եւ նվիրված կանանց միամսյակին: