Գյումրիի Արամ Սարգսյանի անվան մարզադպրոցում, մարտի 30-ին, ժամը 13:00-ի սահմաններում կատարված խուլիգանության փաստի առթիվ մարտի 31-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. Օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը:

Նրա խոսքով, մարտի 30-ին քննչական գործողություններ են կատարվել, որի շրջանակներում դեպքի վայրի զննության արդյունքում առգրավվել են արնանման հեղուկի հետքեր, վնասված գույք: Հարցաքննվել է նաեւ մարզադպրոցի աշխատակցուհին, դեպքի ականատեսները, Գյումրիի մսի կոմբինատի թաղամասի  բնակիչները: Լրացուցիչ զննվել է նաեւ մարզադպրոցը, ինչպես նաեւ Գյումրիի Լիսինյան փողոցի թիվ 10 շենքի դիմացի տարածքը ու շենքի տակ գտնվող մթերային խանութը:

Ձեռնարկվել են միջոցառումներ նաեւ պարզելու խուլիգանություն կատարած անձանց ինքնությունը: Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 30-ին ժամը 13-ի սահմաններում 2 խումբ երիտասարդների միջեւ ծեծկռտուք է սկսվել Գյումրիի մսի կոմբինատ թաղամասում: Ծեծկռտուքը տեղի է ունեցել թիվ 34 ընտրատարածքի մեջ մտնող այդ թաղամասում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի օգտին ձայներ հավաքող երիտասարդների միջեւ։ Նախնական տեղեկություններով, հնչել են նաեւ կրակոցներ: