Երեւանում, այսօր` ապրիլի 2-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մեկնարկել է ընտրությունների պատասխանատու, ճշգրիտ եւ հավասարակշռված լուսաբանմանը նվիրված երկօրյա դասընթացը` 2012-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Դասընթացը կազմակերպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը` Եվրամիության ֆինանասական աջակցությամբ: Միջոցառմանն աջակցում է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

«Ընտրական գործընթացների հավասարակշռված լուսաբանումը հիմնարար կարեւորություն ունի ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար: Մենք հույս ունենք, որ այս դասընթացը լրագրողներին կզինի անհրաժեշտ գիտելիքով եւ հմտություններով, որպեսզի կարողանան ապահովել ընտրությունների ճշգրիտ եւ հավասարակշռված լուսաբանում եւ դրանով իսկ օգնեն ընտրողներին կատարել գիտակցված ընտրություն»,-ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:

«Ըստ կառավարության, հաջորդ ընտրությունները կլինեն Հայաստանում երբեւէ անցկացված ամենաազատն ու ամենաարդարը: Մենք հավատացած ենք, որ լրագրողները պատասխանատվություն ունեն տեղում ստուգելու` արդյոք դա իսկապես այդպես կլինի»,-նշել է Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան: 

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի իրավաբանների թիմը, ինչպես նաեւ  լրատվամիջոցների եւ մարդու իրավունքների ոլորտների փորձագետները, ովքեր անցկացնում են դասընթացը, կանդրադառնան նոր ընտրական օրենսդրությանը, ներառյալ ընտրական վեճերին, ինչպես նաեւ զրպարտությանն ու վիրավորանքին առնչվող օրենսդրությանն ու իրավակիրառ փորձին, տեղեկատվություն ստանալու իրավունքին ու  լրագրողական էթիկային:

«Այս դասընթացը միտված է նպաստել հասնելու Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացման առավել մեծ նպատակին` համապատասխան օրենսդրության վերաբերյալ լրագրողների իրազեկության բարձրացման միջոցով եւ տրամադրելով իրավաբանական խորհրդատվություն եւ ներկայացուցչություն դատարանում, եթե քրեական կամ քաղաքացիական գործեր հարուցվեն նրանց դեմ», - ասել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը:

Կլոր սեղանը Հայաստանում ընտրական գործընթացների հզորացմանն ուղղված 1.7 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի մասն է, որն իրականացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից` Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: