Ապրիլի 3-ից մինչեւ մայիսի 6-ը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լինելու է արձակուրդում` կուսակցական-նախընտրական աշխատանքներով զբաղվելու համար: Այդ մասին NEWS.am-ը տեղեկացավ Ա. Շաբոյանից:

Նշենք, որ Ա. Շաբոյանը հանրապետական կուսակցության անդամ է, ՀՀԿ համամասնական ցուցակում գտնվում է 79-րդ տեղում:

«Արձակուրդի ժամանակ ամբողջությամբ զբաղվելու եմ կուսակցական աշխատանքներով, մասնակցելու եմ նախընտրական քարոզարշավին, իսկ այդ ընթացքում Հանձնաժողովը շարունակելու է զբաղվել իր բնականոն գործունեությամբ. ուսումնասիրություններ, հետազոտություններ, բացահայտումներ, նիստեր: Մի խոսքով` Հանձնաժողովի աշխատանքն իր բնականոն հունով է ընթանալու, մի փոքր միգուցե հրապարակայնության աստիճանը կարող է նվազել, քանի որ նախընտրական ժամանակահատվածում եթերն ավելի շատ լցվում է քաղաքական թեմաներով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ա. Շաբոյանը: Նրա խոսքով` ՏՄՊՊՀ-ն միշտ էլ միտումնավոր հրապարակային է աշխատում, որպեսզի ՏՄՊՊՀ վարույթներն ու որոշումները նաեւ կանխարգելիչ նշանակություն ունենան: Սակայն ՏՄՊՊՀ նախագահը միանշանակ շեշտեց, որ ընտրություններից հետո Հանձնաժողովի գործունեության հրապարակայնությունը կրկին բարձրանալու է: 

Այն հարցին, թե կոնկրետ ինչ գործունեություն է իրականացնելու նախընտրական շրջանում, Ա. Շաբոյանն ասաց, որ կմասնակցի եւ ՀՀԿ նախընտրական շտաբի աշխատանքներին, եւ կիրականացնի ընդհանուր նախընտրական աշխատանքներ: «Մասնակցելու եմ ու ակտիվ եմ լինելու, դա միանշանակ է, թե կոնկրետ ի՞նչ ուղղություններով, դա հետո պարզ կլինի»,- ասաց Ա. Շաբոյանը: 

Ա. Շաբոյանը հրաժարվեց մեկնաբանել այն հարցը, թե արդյո՞ք կզբաղվի պատգամավորական գործունեությամբ, քանի որ շատերի կարծքիով ՀՀԿ 79-րդ տեղն անցողիկ է:  «Ընթացքում կերեւա»,- ասաց Ա. Շաբոյանը: