Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` ապրիլի 2-ին, ընդունել է Երեւանում գտնվող Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությանը հարմարվելու եւ այն մեղմելու ռազմավարությունների մշակման խմբի պատվիրակությանը` Նիկոլաս Ահուիսուսի գլխավորությամբ: NEWS.am-ին գյուղնախարարությունից հայտնեցին, որ այն արդեն ներկայացրել է նախնական ուսումնասիրության արդյունքում կազմված զեկույցը «Հայաստանի հանրապետության կլիմայի փոփոխությունը եւ գյուղատնտեսությունը» թեմայով, եւ Հայաստան է ժամանել` մասնակցելու վաղը Համաշխարհային բանկի, գյուղատնտեսության նախարարության եւ բնության պահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող համաժողովին:

Ողջունելով հյուրերին, նախարարը կարեւորել է կլիմայական փոփոխությունների հետեւանքով սպասվող իրավիճակներում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին ցուցաբերվող ուշադրությունը եւ նշել, որ ամենայն մանրամասնությամբ տեղյակ է ներկայացված զեկույցին ու պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել հաջորդ քայլերի համար, մասնավորապես` օժանդակել ուսումնասիրությանն անհրաժեշտ Հայաստանի մի քանի ագրոէկոլոգիական գոտիների եւ մոդելային յոթ հիմնական մշակաբույսերի ընտրության գործին:

Ի պատասխան` Նիկոլաս Ահուիսուսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, եւ տեղեկացրել, որ ուսումնասիրությունների առարկա կարող է դառնալ նաեւ անասնապահության ոլորտը, իսկ ակնկալվող առաջիկա արդյունքները կլինեն այսպիսին` գյուղացիական տնտեսությունները կամ ֆերմերները կստանան Համաշխարհային բանկի մշակած խորհրդատվական ուղեցույցները, որով նվազագույնի կհասցվեն կլիմայափոխության արդյունքում ի հայտ եկած կորուստներն ու վտանգները, կնվազեցվեն ջերմոցային գազերի արտանետումները, կներկայացվեն առաջարկություններ ներդրումների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին նախարարը տեղեկացրել է, որ ստեղծվել է ծրագրի տեխնիկական հսկողության հանձնաժողով, որը կհամակարգի Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք աշխատանքները: