Վանաձորի բնակչությունը սկսել է ավելի հաճախ դիմել քաղաքապետարանին` քաղաքում ծառերը կտրելու խնդրանքով: Այս մասին այսօր` ապրիլի 2-ին, Վանաձորի քաղաքապետարանի բաժինների պետերի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ հայտարարեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, հանձնարարելով քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետ Լյովա Մելիքյանին եւ համատիրությունների եւ բնակարանային տնտեսությունների բաժնի պետ Գրիշա Պառավյանին շրջել քաղաքով մեկ եւ տեսնել, թե իրականում որ ծառերն են չորացած ու որոնք են հատման ենթակա:

«Շրջեք, տեսեք, թե որ ծառերն են իրականում վտանգ ներկայացնում»,-ասաց նա, նշելով, որ ամեն օր մարդիկ գալիս են այս կամ այն ծառը կտրելու խնդրանքով, սակայն որեւէ մեկն ըստ քաղաքապետի դեռ չի առաջարկել իրենց բակում գոնե երկու ծառ տնկել: «Անպայման դենդրոլոգին ձեզ հետ վերցրեք, ծառերն ակտավորեք, որոշում կայացրեք, ու հանձնարարեք, որ նույն տեղում պատադիր պետք է նորերը տնկել»,-ընդգծեց քաղաքապետն ու հանձնարարել զբաղվել նաեւ կանաչ տարածքների մաքրման, ծաղկապատման ու կանաչապատման աշխատանքներով: