Իրանի նկատմամաբ բոլոր գործողությունները կարող են լինել միայն օրինական հիմունքով: Այդ մասին այսօր` ապրիլի 2-ին, Երեւանում հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը:

Ըստ նրա, եթե, այնուամենայնիվ, տեղի ունենա վատագույնը, եւ Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների որոշում ընդունվի, ապա դա կշոշափի ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլ նաեւ Ադրբեջանի` հաշվի առնելով Իրանում բնակվող ադրբեջանցիների մեծամասնությունը,  ինչպես նաեւ Ռուսաստանի ավտանգությունը, դեպի ուր կարող են դիմել փախստականների խմբերը:

Այսինքն սպառնալիքի տակ կհայտնվի տարածաշրջանի անվտանգությունը: «Այնքան բաղադրիչներ կան, որ դժվար է կանխատեսել հետեւանքները: Պարզ է մեկ բան, որ դրանք շատ բացասական կլինեն»,-ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Մեկնաբանելով որոշ պաշտոնատար անձանց հայտարարություններն այն մասին, որ բոլոր տարբերակները սեղանի վրա են, Լավրովն ընդգծել է. «Տարբերակները կարող են լինել միայն օրինական, հիմնված միջազգային իրավունքի վրա, որոնք լթույլ են տալիս ռազմական գործողություններ, ռազմական հարված, ի պատասխան ագրեսիայի: Կանխարգելիչ գործողություններն արգելված են»: