Ապրիլի առաջին աշխատանքային օրը ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կազմել է 391.75 դրամ: Այսպիսով` հայկական դրամի թուլացման միտումները շարունակվում են պահպանվել:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.13%-ով կամ 0.5 դրամով: Բորսայում այսօր իրականացվել է ընդամենը 1 գործարք` 200 հազ. դոլարի չափով: Պատճառն այն է, որ բանկերը առաջարկի փոխարժեքը բարձրացրել են մինչեւ 392.5 դրամ:

Հաշվի առնելով գործարքների փոքր ծավալը` կարելի է եզրակացնել, որ ՀՀ Կենտրոնական բանկն առայժմ չի միջամտում փոխարժեքին: Հավանաբար դա պայմանավորված է այն սպասումներով, որ նախընտրական շրջանի ակտիվացմանը զուգահեռ շուկայում դոլարի առաջարկը կմեծանա: Այսինքն` շուկան ինքնուրույն «կզսպի» դոլարին, ինչպես տեղի ունեցավ 2007 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 391 դրամ, ինչը ռեկորդային է 2012 թ. համար: Դոլար դեռեւս կարելի է ձեռքբերել 392 դրամով, սակայն նման փոխարժեք սահմանած փոխանակման կետերի թիվն աստիճանաբար նվազում է: