Երեւանի բարձրագույն եւ միջին ուսումնական հաստատությունների ուսանողներ Արմեն Հայրապետյանը, Ալբերտ Հովհաննիսյանը եւ Աննա Հունանյանը հաղթել են Red Bull Paper Wings 2012 առաջնության ազգային փուլում, որի հովանավորն է «ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline):

Մարտի 31-ին Երեւանում անցկացրած եզրափակչում Երեւանի պետական համալսարանի ուսանող Արմեն Հայրապետյանի ինքնաթիռը 34,8 մետր արդյունքով լավագույնն էր «Թռիչքի հեռավորություն» դասում:  Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի ուսանող Ալբերտ Հովհաննիսյանը հաղթեց «Թռիչքի տեւողություն» դասում` նրա պատրաստած ինքնաթիռը օդում էր 6,63 վայրկյան: «Աէրոբատիկա» անվանակարգում առաջին տեղ զբաղեցրեց Պոլիտեխնիկական քոլեջի ուսանողուհի Աննա Հունանյանը: Ազգային փուլի հաղթողները ստացան Աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանը ներկայացնելու իրավունք:

«ԱրմենՏել» ընկերությունը միշտ ուրախությամբ եւ ոգեւորությամբ աջակցում է երիտասարդական նախաձեռնություններին: Ուրախ ենք պարգեւել ուսանողներին այս արտասովոր մրցույթում մասնակցելու հնարավորություն: Սրտանց շնորհավորում եմ թղթե ավիացիայի հերոսներին: Կարելի է ասել, որ ձեր ինքնաթիռերն արդեն հասել են Ավստրիա եւ ցանկանում եմ, որ ձեր թռիչքը դրանով չավարտվի», - ասաց «ԱրմենՏել»  ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Red Bull Paper Wings 2012 համաշխարհային առաջնության շրջանակում թղթյա ինքնաթիռների մրցումների ազգային փուլն անցկացվում է 3 դասերում` «Թռիչքի հեռավորություն», «Թռիչքի տեւողություն» եւ  «Աէրոբատիկա»: Red Bull Paper Wings 2012 առաջնությունն անցկացվում է 2006 թվականից ավստրիական Զալցբուրգ քաղաքում` յուրաքանչյուր 3 տարին մեկ:  Մրցումներին մասնակցում են տարբեր երկրների ուսանողներ: Այս տարի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 85 երկրի ներկայացուցիչներ: