Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ԱՄՀ) եւ բելգիական «Global Medical Solutions» ընկերության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը եւ «Global Medical Solutions» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՄՀ-ի եւ Global Medical Solutions ընկերության համագործակցությամբ Երեւանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն: Կենտրոնի համալիրն իր մեջ ներառում է տեխիկական բարձր հագեցվածությամբ երեք բաժանմունքներ. լաբորատորիա՝ ռադիոիզոտոպների սինթեզման  «Ցիկլոտրոն» սարքով, ախտորոշման կենտրոն՝ Հայաստանում նախատիպը չունեցող PET նորագույն սկաներով, որը հնարավորություն է տալիս օրգանիզմում հայտնաբերել դեռեւս սաղմնային վիճակում գտնվող ուռուցքը, եւ կլինիկա, որտեղ իրականացվելու է այդ նույն ռադիոիզոտոպներով բուժումը: Կենտրոնում հնարավոր կլինի արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ վաղօրորք հայտնաբերել ուռուցքային գոյացությունները, ինչը կնպաստի օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետությանը եւ մահացությունների նվազմանը: Այն նաեւ հնարավորություն կտա յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել բուժման կոնկրետ եղանակ եւ կխթանի Հայաստանում միջուկային բժշկության զարգացմանը:

Կենտրոնի կառավարումը վստահվել է Global Medical Solutions ընկերությանը, քանի որ նա այս բնագավառում ունի միջազգային մեծ փորձ: GMS-ի գլխավորությամբ նման կենտրոններ են գործում Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հոնգկոնգում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Թայվանում եւ Թայլանդում:

Ուռուցքաբանական կենտրոնի ծրագիրն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցությամբ: Ծրագիրը գնահատվում է 35 մլն եվրո:

Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր տարի չարորակ նորագոյացությունների հիվանդություններից Հանրապետությունում հաշմանդամ է դառնում շուրջ 2 հազար 700 մարդ: Այդ առումով տարեկան տնտեսական վնասը գերազանցում է 75 մլն դրամը: Հիվանդացության ցուցանիշների աճի նման տեմպերի պահպանման պարագայում այդ թիվը տարեցտարի կկրկնապատկվի: Եթե 100 հազ. բնակչության հաշվարկով 1995 թվականին այդ թիվը կազմում էր 125 դեպք, իսկ 2000թ.`185 դեպք, ապա այսօր այն հասել է շուրջ 235 դեպքի: