Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում այսօր` ապրիլի 2-ին, տեղի է ունեցել «Աուտիզմը Հայաստանում-ձեռքբերումներ եւ հեռանկարներ» թեմայով գիտաժողով, որին մասնակցել են պետական կառավարման մարմինների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: NEWS.am-ին ԿԳ նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացել «Աուտիզմ-ազգային հիմնադրամ» ստեղծելու մասին որոշման նախագիծը, համաձայն որի` հիմանդրամին, որի մասնակիցն է ՀՀ կառավարությունը, հատկացրել է համապատասխան տարածք, բարեկարգման եւ նախնական նյութատեխնիկական վերազինման համար անհրաժեշտ միջոցներ: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը կարեւորվել է աուտիզմի մասին տեղեկատվության հրապարակայնության եւ հասարակության պատշաճ իրազեկման խնդիրը: «Ներկայումս աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում, աուտիզմով հիվանդ երեխաների թիվն աճում է մեծ արագությամբ: Եվ պատահական չէ, որ պետությունը հստակ քայլեր է ձեռնարկում նշված հիվանդությամբ տառապող երեխաների բացահայտման, նրանց թվաքանակի, խնդիրների, կրթական կարիքների բավարարման նպատակով լիարժեք ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ  համապատասխան համագործակցային հարթակներ պիտի ստեղծվեն պետություն-հասարակական հատված-միջազգային կազմակերպություն եռանկյունու մեջ` նման երեխաների կրթական կարիքների բավարարման եւ հետեւաբար ողջ կյանքի ընթացքում  հոգացության, ուշադրության կենտրոնում պահելու եւ ապագայի նկատմամբ մեծ լավատեսություն  դրսեւորելու նպատակով»,-նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` այս համատեքստում կարեւորելով ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ եւ աջակցությամբ իրականացված աշխատանքային խորհրդակցությունների եւ քննարկումների մի ամբողջ շարք:

Գիտաժողովի ընթացքում մասնակիցներին ուղղվել են հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են ՀՀ-ում համապատասխան մասնագետների առկայության, վիճակագրական տվյալների  եւ մարզային ներգրավվածության խնդիրներին: