Թռչունների պահպանության միջազգային օրը` ապրիլի 1-ին, Երեւանի կենդանաբանական այգում բնադրող թռչունների համար իսկական տոն էր. Անցկացվել է նախապես հայտարարված «Դիմավորենք թռչուններին» խորագրով մրցույթներից մեկը:

Հիշեցնենք, որ Երկրի օրվա միջոցառումներին ընդառաջ հանրակրթական դպրոցների սաները հնարավորություն ունեին մինչեւ մարտի վերջը թռչնաբնի պատրաստման մրցույթի մասնակցության հայտեր ներկայացնելու: Մրցույթի ընթացքում հանրապետության տարբեր դպրոցների սաները տեղում տարբեր նյութերից յուրահատուկ լուծումներով թռչնաբներ են պատրաստել: Մրցույթի պայմանների համարձայն` թռչնաբները նախատեսված պետք է լինեին Երեւանի կենդանաբանական այգում ձմեռող եւ բնադրող այն թռչունների համար, որոնք բնադրում են նաեւ մարդու կեղմից պատրաստած բներում:

Թռչնաբների պատրաստման մրցույթին ներկայացվել էին 12 դպրոցների, 30 խմբակային եւ 4 անհատական մասնակցության հայտեր: Մասնակիցները երկուսուկես ժամ աշխատանքից հետո ժյուրիի դատին հանձնեցին տարբեր ոճերի, յուրահատուկ լուծումներով 34 թռչնաբներ: Տոն-միջոցառումն այգի էր բերել շուրջ 150 մասնակիցների, որոնք անհամբեր սպասում էին ժյուրիի որոշմանը: Ժյուրին մրցանակներ շնորհեց հենց տեղում:

«Լավագույն նորարարական մոտեցում» անվանակարգում մրցանակի (ֆոտոխցիկ) արժանացավ «Երեւակ» կրթահամալիրը: «Լավագույն մտահղացումը» Գողթի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի սան Գեւորգ Հակոբյանինն էր, որն իբրեւ մրցանակ իր հետ տուն տարավ հեծանիվ: «Ստեղծագործական լուծում» անվանակարգում մրցանակի (Հայաստանի թռչունների մասին պատմող գիրք + հեռադիտակ) արժանացավ Նորտուսի թիվ 2 դպրոցի 7-րդ դասարանը:

«Նման միջոցառումները շատ մեծ նշանակություն ունեն երեխաների զարգացման, երեխաների կողմից շրջակա միջավայրի ընկալման համար,- ասում է ժյուրիի անդամ, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը: - Թռչնատեսակների, նրանց ապրելակերպի, նրանց հետ վարվելու առանձնահատկությունների մասին, գիտելիքները, անշուշտ, դրական ազդեցություն կունենա երեխաների վարքի վրա»:

Միջոցառումն անցկացվում էր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող «Երկրի օր-2012» քարոզարշավի շրջանակում` Երեւանի քաղաքապետարանի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համատեղ:

Երկրի օրն ամբողջ աշխարհում նշվում է ապրիլի 22-ին: 2007 թ.-ից Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տոնին նվիրված բնապահպանական միջոցառումների միամսյակ է իրականացնում: Ամենամյա ծրագրի գլխավոր գործընկերը Հայաստանի առաջատար օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն է: Այս տարի տոնական միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 1-ին եւ կշարունակվեն մինչեւ ապրիլի 30-ը:

Թռչնաբներ պատրաստման մրցույթը «Դիմավորենք թռչուններին» նախաձեռնության մի մասն է միայն: Մյուս` թռչունների մասին հեքիաթների մրցույթը դեռ շարունակվում է: