Ռուսաստանի արտգործնախարարությունը հույս ունի, որ դատարանը անկողմնակալ կքննի ռուսաստանցի Արթուր Ստեփանյանցի գործը, ով մեղադրվում է Ուկրաինայում Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության եւ տպագրության դեպարտամենտի հաղորդագրությունում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ ԱԳՆ-ում խոր մտահոգությամբ են հետեւում Սեւաստոպոլի «Էլեկտրասարքավորումների գործարան» ԴՊՈՒՁ-ի  ռուսական   մասնաճյուղի տնօրեն, ՌԴ քաղաքացի Արթուր Ստեփանյանցի շուրջ զարգացող իրավիճակին, որը  2010թ. հունվարից գտնվում է հսկողության ներքո եւ որի գործողությունները ուկրաինական իշխանությունները անհիմն ձգտում են որակել իբրեւ «Ռուսաստանի օգտին լրտեսություն»:

Նշվում է, որ ռուսական կողմը բազմիցս ուկրաինական կողմի ուշադրությունը հրավիրել է Ստեփանյանին ներկայացվող մեղադրանքների անհիմն լինելու փաստի վրա: Մոսկվայում  հույս ունեն, որ օրերս սկսված դատաքննությունն անկողմնակալ կլինի, արդար եւ առանց քաղաքական երանգավորման:

Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտը»,   2010թ. հունվարի  29-ի մամլո ասուլիսում Ուկրաինայի Անվտանգության խորհրդի այն ժամանակվա նախարար Վալենտին Նալիվայչենկոն հաղորդել է, որ ՈՒԱԽ-ի աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու եւ Սեւաստոպոլի բնակչի, որոնք փորձ են կատարել սահմանից դուրս հանել ռադիոտեղորոշիչ կայանների բլոկներ, որոնք հսկողություն են իրականացնում թեւավոր հրթիռների նկատմամբ:  Սեւաստոպոլի բնակիչը պետք է գողանար  նշված գաղտնի բլոկները եւ փոխանցեր Ստեփանյանցին` 4 հազար դոլար գումարային պարգեւի դիմաց:  ՈՒԱԽ-ի հետաքննական գլխավոր վարչությունը ռուսաստանցու դեմ քրեական գործ է հարուցել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասով  (լրտեսություն): Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ 111-րդ հոդվածով (պետական դավաճանություն):

Դատարանի որոշմամբ երկու անձն էլ հսկողության տակ են առնվել:

Մի քանի անգամ Սիմֆերոպոլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը միջնորդություն է ներկայացրել Ստեփանյանցի հանդեպ խափանման միջոցի փոփոխման համար, բայց  միշտ մերժվել է:

 «Այդ գործը նորմալ չի ավարտվի: Հարկավոր է, որպեսզի ակտիվորեն հանդես գա ռուսական կողմը», - կարծում է «լրտեսի» կին Նելլի Ստեփանյանցը: «Ես մի քանի ամիս պայքարում եմ, որպեսզի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը  տեղեկանք տրամադրի այն մասին, որ տվյալ սարքավորումը Ռուսաստանի մտավոր սեփականությունն է, բայց առայժմ  պատասխան չկա», - ասում է Նելլի Ստեփանյանցը: