Մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավն սկսվել է ամենաուշը անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերից: Այդ մասին, այսօր` ապրիլի 2-ին, հայտարարել է Երեւանյան մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով, մոնիթորինգի ժամանակ հաճախ այնպիսի երեւույթ է հանդիպել, երբ միեւնույն տեքստը, միեւնույն ձայնով կարդացվում է եւ հնչում է տարբեր հեռուստաալիքների եթերում, մի դեպքում որպես քաղաքական գովազդ, մյուս դեպքում` որպես ռեպորտաժ: Նավասարդյանի գնահատմամբ, դա արվում է կոմերցիոն նպատակներով:

Երեւանյան մամուլի ակումբի կողմից անցկացված մոնիթորինգի արդյունքներով, պարզվել է, որ դեռեւս 2011-ի նոյեմբեր-դեկտեմբերին «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները քաղաքական գովազդ են իրականացրել` այդպիսով ստեղծելով անհավասար պայմաններ մյուս քաղաքական ուժերի համար: Ընթացիկ տարվա մարտին անցկացված մոնիթորինգի արդյունքներով, «Բարգավաճ Հայաստան»-ը քաղաքական գովազդ է կազմակերպել, իսկ դա արգելված է:

Նավասարդյանը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանում չկա մեխանիզմ, որը կարգավորում է քարոզչական գործընթացը, մինչեւ դրա պաշտոնական մեկնարկը:

Իր հերթին, Հասարակայնության հետ կապերի հարցերով հայկական ասոցիացիայի (APRA) փորձագետ Արմեն Մինասյանը նշել է, որ լրատվամիջոցների դերը ընտրական գործընթացներում շատ կարեւոր է տեղեկացված հասարակության ենթատեքստում, ինչպես նաեւ ընտրողների տրամադրությունների վրա ազդելու գործում:

Մինասյանը նկատել է, որ այսօր, մասնավորապես, աճել է էլեկտրոնային լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի դերը: «Ընդհանուր առմամբ, ընտրությունների ժամանակ Հայաստանում ուժեղանում է հեռուստաընկերությունների, ինչպես նաեւ զանգվածային այլ լրատվամիջոցների դերը»:

Փորձագետը կարծում է, որ ընդհանրապես քաղաքական քարոզչությունը մշտապես է տարվում` ընտրությունների ավարտի պահից մինչեւ հաջորդ ընտրություններ, սակայն ներկա պահին քաղաքական քարոզչությանը որեւէ գնահատական տալ հնարավոր չէ, քանի որ նախընտրական քարոզարշավը դեռեւս պաշտոնապես չի մեկնարկել: