Հայաստանի հանրապետական կուսակցությունն, այսօր` ապրիլի 2-ին, ՀՀԿ-ի անդամատոմս տվեց շուրջ 450 ուսանողների: ՀՀԿ երիտասարդական թեւը կառավարության տան ընդունելությունների դահլիճում նշում էր իր ստեղծման 22-ամյակը: Անդամատոմսերի հանձման արարողությանը մասնակցում էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Ավելի  ուշ երիտասարդներին միանալու է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Իր խոսքում  Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն Հայաստանի գրանցված ամենահին կուսակցությունն է եւ իրենք հզոր են, քանի որ կարողանում են ընդունել  կառուցողական բոլոր առաջարկներն ու քննադատությունները: Կարեն Ավագյանն էլ իր ելույթում նշեց, որ այս օրերին ՀՀԿ-ի անդամատոմսեր են ստանալու մոտ 1200 երիտասարդներ, որոնցից 450-ն` այսօր:

Ուսանողներից մեկի անունը Ռոբերտ Քոչարյան էր, ում անունը կարդալիս ներկաները ժպտացին եւ երիտասարդին դիմավորեցին ծափերով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այդ պահին արդեն եկել էր, հարցրեց. «Դո՞ւք եք Ռոբերտ Քոչարյանը» եւ դրական պատասխան ստանալով, հավելեց. «Շնորհավորում եմ»:

NEWS.am-ի թղթակիցը երիտասարդներից փորձել է պարզել նաեւ, թե նրանք արդյոք ճանաչո՞ւմ են Գարեգին Նժդեհին, սակայն, նրանց պատասխանները, մեղմ ասած, տպավորիչ չէին: